ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
(ՈՒկրաինայում ՀՀ դեսպան)
-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կգնահատեք հայ-ուկրաինական հարաբերություններն այս փուլում:
-Նորմալացող. առաջին քայլը մեր նախագահն արեց՝ շնորհավորեց ՈՒկրաինայի նոր ընտրված նախագահին, երկրորդ քայլով Հայաստան վերադարձավ ՈՒկրաինայի դեսպան պարոն Կուխտան:
-Վերնիսաժի դեպքերի հետ կապվեց նաև Ձեր անունը:
-Դեպքը եղել է, Աստված չանի՝ որևէ մեկի հետ նման բան լինի, դա փորձանք է: Չնայած, նման բան կարող է լինել Ձեզ հետ, ինձ հետ: Ինձ հետ այն որևէ կապ չունի, բայց, մյուս կողմից, էդ դեպքն էնքան ուռճացրի՜ն… Ցանկացած մարդ, որին կնոջ ու երեխայի առաջ ստորացնեն, ամեն ինչի ընդունակ կարող է լինել։ Իրավապահ մարմիններն զբաղվում են, քննություն է գնում, ես տեղյակ չեմ մանրամասներին:
-Տեղեկացնեմ՝ «Յուվեցի Կարոյի» փեսային ստորագրությամբ ազատ են արձակելու: Ի դեպ, տեսակետ կա, որ Դուք ցանկանում եք Ռուսաստանում ՀՀ դեսպան դառնալ, չնայած, առավել շատ տալիս են Շավարշ Քոչարյանի անունը:
-Կարող է չհավատաք, բայց ասեմ` ես որևէ ձգտում չունեմ որևէ պաշտոնի, որևէ այլ բանի, համարում եմ, որ իմ գործն արդեն կատարել եմ։ Արդեն վաթսուն տարեկան եմ, բացարձակ կառչած չեմ պաշտոնից, միշտ արել եմ այն, ինչ պետք է աներ հայ մարդը` ՈՒկրաինայի հայերի համար: Իսկ եթե որևէ մեկը Ձեզ հրահրում է, որ Դուք այդ մասին գրեք, դա այլ հարց է: Դուք գրում եք, որ ես ՈՒկրաինայում բիզնես ունեմ, բայց ես երբեք ՈՒկրաինայում բիզնեսով չեմ զբաղվել:
-Կարծում եք՝ Ձեր դեմ «հրահրողնե՞ր» կան. չե՞ք ասի` ովքեր են: Ի դեպ, մենք գրել էինք ոչ թե Ձեր, այլ Գագիկ Ծառուկյանի` Ձեր խնամու՝ ՈՒկրաինայում ունեցած բիզնեսների մասին:
-Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ Յանուկովիչի ընկերն է եղել, իսկ ես ընդամենը ՈՒկրաինայում ՀՀ դեսպանն եմ, ես չէի կարող մտնել նրանց հարաբերությունների մեջ: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը ևս ՈՒկրաինայում բիզնես չունի: Ոչ մի բիզնես:
-Իսկ Յանուկովիչի գնալուց հետո՞ ինչ կապերի մեջ են նրանք. «ցավակցե՞լ» է պարոն Ծառուկյանն իր ընկերոջը, հանդիպե՞լ են, չե՞ն հանդիպել, ինքներդ ասացիք` մի օրվա ընկերություն չէր:
-Ես տեղյակ չեմ: Երբ Յանուկովիչն ընդդիմություն էր, էդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը շատ մարդկային ընկերություն էր անում նրա հետ։ Դա չի նշանակում, որ նա նախագահ էր, դրա համար էր Գագիկ Ծառուկյանը նրա հետ ընկերություն անում։ Ի դեպ, երբ Յանուկովիչն ընդդիմություն էր, Գագիկ Ծառուկյանը նրան բերեց Հայաստան, Սպիտակ տարավ, ու քանի որ երկրաշարժի ժամանակ էդ մարդը մեծ աշխատանք էր կատարել Հայաստանում, իր արձանը բացեց:
-Պարոն Մանուկյան, նրանք որտեղի՞ց գիտեն իրար:
-Ես չգիտեմ, էդ հարցը Յանուկովիչին ու Գագիկ Ծառուկյանին պիտի ուղղեք: Ի դեպ, Ծառուկյանը նաև Լուկաշենկոյի ընկերն է:
-Բայց հո չե՞ք ժխտի, որ իր ընկեր Լուկաշենկոյի հայրենիքում Ծառուկյանը լիքը բիզնեսներ, մանավանդ կոնյակի գործարան ունի:
-Ծառուկյանը շատ եվրոպական երկրների առաջին դեմքերի հետ է մոտ հարաբերությունների մեջ:
-Եվրոպակա՞ն:
-Եվրոպակա՜ն: Օրերս Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Ծառուկյանին պարգևատրեց Իտալիայի ամենաբարձր շքանշանով:
-Էդ մեկը` հաստատ. ութսունութամյա Ջորջիոն իսկապես ինքնատիպ մարդ դուրս եկավ. ասացիք` հիշեցի, Ծառուկյանն էլ շքեղ, թափանցիկ, կարմիր «մայկայով»` ողջ ԲՀԿ-ով հանդերձ, ներկայացել էր այդ պարգևատրմանը, պարզապես մեդալի ժապավենն էր փոքր-ինչ կարճ: Ինչևէ: Ի դեպ, պարոն Մանուկյան, բավականին լուրջ տենդենց է նկատվում աշխարհով մեկ՝ օլիգարխները սկսում են երկիր ղեկավարել, ի՞նչ եք կարծում, մեր դեպքում այդ նախադեպերը` Իվանիշվիլի, Պորոշենկո, կարո՞ղ են կրկնվել:
-Թանկագին լրագրող, մենք ունենք նախագահ` պարոն Սերժ Սարգսյանը, որը դեռ չորս տարի նույնքան հաջող պետք է նախագահի մեր երկրում, ինչո՞ւ եք իզուր հարցեր բարձրացնում, սրում, մարդկանց միմյանց դեմ հանում, ախր չի կարելի, չէ՞, էդպես:
-Մեր գործի անունն էդ է:
-Հասկանո՛ւմ եմ: Հասկանում եմ, բայց ուրիշ լավ բաներ գտեք, գրեք, է՛լի:
-Որ մի հարց տամ, անկեղծ-անկեղծ կպատասխանե՞ք:
-Կպատասխանեմ:
-Խոստանո՞ւմ եք:
-Այո՛:
-Որ ընտրարշավ լինի` Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան. կուզեք` ո՞վ հաղթի։ Չորս տարի հետո նկատի ունեմ:
-Երբ կսկսվի նախագահական ընտրարշավը, էդ ժամանակ հարցը կտաս. խոս-տա-նո՛ւմ եմ, ազնվորեն երդվում եմ, որ կպատասխանեմ։ Իսկ հիմա ես միայն ու միայն Սերժ Սարգսյանին եմ պաշտպանում, մենք միասին աշխատել ենք, ինքը մեր նախագահն է, ես` մեր երկրի ու նրա ներկայացուցիչն եմ ՈՒկրաինայում:
-Կարծում ենք` Սերժ Ազատի Սարգսյանը սա անպայման «հաշվի» կառնի:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ